Մշո գորանի (Armenian folk)

«Մշո գորանու» մի տարբերակն է՝ «Ակունք» անսամբլի (մենակատար՝ Սարգիս Բաղդասարյան) և Սաղմոս երգչախմբի կատարմամբ:
«Գորանու» այս տարբերակի առաջին հատվածից իմանում ենք, որ Մշո դաշտի վրա գազպեն էր իջնում: Մուշի մերձակայքը հարուստ է անտառներով, որտեղ հիմնականում աճում են կաղնի և հացենի: Դրանց տերևների վրա գոյանում է ծաղկափոշիներից առաջացող մեղրանման քաղցրահամ հյութ, որն էլ հենց գազպենն է կամ մանանան: Գավառի բնակիչներն ամռան ընթացքում հավաքում էին այդ տերևները և ջրի մեջ եռացնում, որի արդյունքում գազպենն անջատվում էր տերևից: Դրանից հետո ցանկացած թանձրությամբ պահում էին կավե կամ պղնձե ամաններում և օգտագործում որպես քաղցրավենիք:
Հաջորդ հատվածներում հիշատակվում է երկու ճերմակ ձիավոր, որոնց հովանավորը Մըշո Սուրբ Կարապետ վանքն է: Ապա տեսնում ենք գոգնոց կապած մշեցի աղջիկներին, որոնք գարնանը բարձրանում են Ծովասարը: Այս լեռը գտնվում է Տալվորիկ գավառի արևելյան մասում և մեր նախնիները նրան այդպիսի անուն են տվել՝ գագաթին եղած ծովակի՝ լճի պատճառով: Ծաղիկներով հարուստ Ծովասարը հիշատակվում է Հայոց «Սասնա ծռեր» էպոսում՝ որպես նրա հերոսների զբոսավայր, և ահա, մշեցի աղջիկները ևս, էպոսի հերոսների նման, գարնանը, երբ ձյունը հալվել է, ճանապարհները բացվել են և օրերը տաքացել, գնում են այնտեղ զբոսնելու:
Քառատողերից մեկում էլ նրանք հարցնում են լուսնին, թե ուր է գնում, որն էլ պատասխանում է, թե գնում է դեպի Սասնա սարը: Սա նշանակում է, որ արդեն մթնել է, ուշ է և տուն վերադառնալու ժամանակն է: Հավանաբար երիտասարդ աղջիկները, ցերեկն աշխատելուց հետո էին մեկնել զբոսանքի, որ այսպես շուտ մթնեց:
Որքան անհոգություն կա այս երգում. հայ երիտասարդները կարող էին ազատորեն շրջել իրենց բնօրրանի հարազատ վայրերում, քանզի վստահ էին, որ բնակավայրից հեռու գտնվող սարերում զբոսնելը վտանգավոր չէ, հայրենի եզերքում թշնամիներ չկան, որպեսզի իրենք զգուշանան, իսկ օրվա ապրուստը վաստակելն էլ բնավ դժվար չէ, քանզի Աստծո կամոք մայր բնությունն իրենց աշխատանքի դիմաց լի ու լի վարձատրելու է: Հավանաբար այս երգը ստեղծվել է պատմական այնպիսի ժամանակներում, երբ մեր հայրենիքը անկախ էր և զարգանում էր ինքնուրույն, երբ ամենուր միայն Վանատուրի հյուրասիրությունը, ապա Քրիստոսի մարդասիրությունը տարածող հայրենակիցներն էին, և հայը դեռ չէր սարսափել իր հարազատ վայրերում ասպատակող օտար նվաճողների դաժանություններից:

Մեր Մըշո դաշտը դուրան,
Յարըմ գորանի,
Սուրբ գազպեն կիջներ վերան,
Մըշո գորանի:
Յարըմ գորանի, Մըշո գորանի,
Յարըմ գորանի, վայ, վայ,
Մըշո գորանի:

Էրկու ճերմակ ձիավոր,
Յարըմ գորանի,
Սուրբ Կարապետն էր քավոր,
Մըշո գորանի:
Յարըմ գորանի, Մըշո գորանի,
Յարըմ գորանի, վայ, վայ,
Մըշո գորանի:

Հարցում՝ լուսնակ, ո՞ւր կէրթաս,
Յարըմ գորանի,
Կէրթամ վեր Սասնա սարին,
Մըշո գորանի:
Յարըմ գորանի, Մըշո գորանի,
Յարըմ գորանի, վայ, վայ,
Մըշո գորանի:

Քառսուն գոգնոց աղջիկ, հեյ,
Յարըմ գորանի,
Գարնան կելնինք Ծովասար,
Մըշո գորանի:
Յարըմ գորանի, Մըշո գորանի,
Յարըմ գորանի, վայ, վայ,
Մըշո գորանի:

(Visited 21 times, 1 visits today)

You might be interested in

LEAVE YOUR COMMENT

Your email address will not be published. Required fields are marked *