Ակունք – Վիճակի երգ (Armenian folk)

Հայ ժող. «Վիճակի երգ»՝ Միքայել Ասլանի և Ակունք ազգագրական համույթի համատեղ սկավառակից: Գեղ. ղեկավար՝ Սարգիս Ալավերդյան: Նկարագրությունը իմ «Հայրենիքը երգարվեստի մեջ» հաղորդաշարից, որ հեռարձակվում է http://radiomariam.am/ կայքով:
Թումաճանի «Հայրենի երգ ու բան» գրքի 2-րդ հատորում այս երգն ընդգրկված է Չմշկածագի երգերի շարքում՝ «Ձեր աղջիկն էլեր» վերնագրով:
Նկատելի է այս երգի տեքստի տաղաչափական բազմատեսակությունը և ըստ վանկերի ավելի կամ նվազ դասավորման՝ եղանակի տևողական արժեքների պատշաճեցումը: Անսպասելի ու նույնիսկ զարմանալի է այդպիսի պատշաճեցումները գտնել բնության շնորհքով միայն օժտված անուսում, բայց եղանակի ու խոսքի չափի ինքնածին զգացողություն ունեցող մեր երգասաց տատիկների մոտ, ինչը մեզ ստիպում է նորից անդրադառնալ այն իրողությանը, թե ինչքան անպաճույճ վարպետություն է ամփոփված ժողովրդական ստեղծագոևրծության մեջ:
Միհրան Թումաճանը տարբեր անգամներ տարբեր ժանրային բնութագրեր է տվել, մերթ համարելով մանկական խաղ, մերթ պարերգ, մերթ էլ հարսանեկան: Որպես պարերգ բնութագրությունը համոզիչ է այնքանով, որ ռիթմը պարային է, իսկ խոսքային բովանդակությունը պարերգային ժանրին ընդհանուր առմամբ չի հակասում: Նա նշում է, որ ոչ իրեն, ոչ էլ նրան, ումից գրի է առել երգը, հայտնի չէ, եթե հարսանեկան է, ապա արարողության որ մասում է այն երգվել:
Սակայն խոսքերի և եղանակի բնույթը հաշվի առնելով, առավել հավանական է թվում մանկական խաղ լինելը:
Սարգիս Ալավերդյանն այս երգի մասին ասաց հետևյալը. «Սա հարսանեկան կատակերգ է, որտեղ հարսի կողմը փնովում է փեսային, նրա մոռացկոտությունը, փեսայի կողմն էլ՝ հարսի մոռացկոտությունը: Այսինքն այդ կերպ ամեն կողմը կարծես ուզում է իրենց տղայի կամ իրենց աղջկա արժեքը բարձրացնել՝ մյուսի արժանիքները նսեմացնելու հաշվին:
Սկզբում փեսայի կողմն ասում է, թե ձեր աղջիկը ջրի է գնացել, բայց ջրի սափորը այնտեղ է թողել: Հարսի կողմն էլ պատասխանում է, թե ձեր տղան էլ մի բան չէ, փայտի է գնացել, բայց կացինն այնտեղ է մոռացել: Ապա տղայի կողմն ասում է, թե աղջիկը Սուրբ Խաչ էր գնացել, բայց մոռացել է մոմը գրպանից հանի վառի: Աղջկա կողմն էլ դարձյալ ծիծաղում է փեսայի վրա, թե էդ ի՞նչ տղա է, արտ գնացել, հետդարձի ճամփան մոռացել է, չի կարողացել տուն վերադառնա: Բայց վերջում հետևում է երիտասարդ զույգին միացնելու գաղափարը, երբ ասվում է, թե «ձեր աղջիկը հարևանի տանն է, մեր տղան կգա, կտանի»: Հարսի կողմն էլ ասում է, թե աղջկան տանելու ճամփան դեպի մեր տունն է բերում»:
Երգի խոսքերը՝

Ձեր աղջիկն էլեր

Ձեր աղջիկը ջուրն ա գացեր,
Սիթիլը հոն տեղ ա մոռցեր:
Ձեր տըղան ալ փատն ա գացեր,
Հոտոց կացին հոն ա մոռցեր:
Ձեր աղջիկն Սուրբ Խաչ գացեր,
Տարած մոմը ջեբն ա մոռցեր:
Ձեր տըղան ալ արտն ա գացեր,
Դառնալու ճամփան ա մոռցեր:
Ձեր աղջիկը դրացնեն տունն ա,
Մեր տըղան կառնա կտանա:
Էդ ձեր տըղան աղջիկ տանա,
Անոնց ճամփան դոր մեր տունն ա:

Սիթիլ – թուրքերեն. կավե կամ պղնձե սափոր:
Փատն ա գացեր – փայտի է գնացել:
Հոտոց կացին- հատու, սուր կացին:
Դրացնեն – դրացու, հարևանի:
Երգի խոսքերը տրամադրեց Սարգիս Ալավերդյանը:
An Armenian folk lot song by Michael Aslan and Akounq ensemble.

(Visited 23 times, 1 visits today)

You might be interested in

LEAVE YOUR COMMENT

Your email address will not be published. Required fields are marked *